ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Որևէ հոդաբաշխ պատասխան չտրվեց` ինչո՞ւ է «Սիվիլիթասին» նվիրված գումարը հայտնվել Օսկանյանի հաշվեհամարներում»

«Որևէ հոդաբաշխ պատասխան չտրվեց` ինչո՞ւ է «Սիվիլիթասին» նվիրված գումարը հայտնվել  Օսկանյանի հաշվեհամարներում»
05.10.2012 | 12:40

«Իրատես de facto»-ի հյուրն է քաղտեխնոլոգ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ:

-Հայաստանում հիմա ի՞նչ ներքաղաքական կարևոր խնդիր եք տեսնում:
-Այս պահին ներքաղաքական կարևոր խնդիր չկա: Թվում է` փակ բաժնետիրական ընկերության երկու բաժնետերերի միջև է պայքարը: Նրանք երրորդ կողմին չեն ուզում բաժնեմաս տալ, բայց հենց երրորդի գործոնը չեզոքանում է, սկսվում է կատաղի ճակատամարտ: Հստակ է, որ 80 տոկոսի բաժնետեր երկրի նախագահը չի ուզում որևէ կերպ իր փաթեթից մաս զիջել մյուս բաժնետիրոջը` ԲՀԿ-ին, որը չի բավարարվում իր 20 տոկոսով, և մենք ականատես ենք փոխհրաձգության: Գլխավոր իրադարձությունից` նախագահական ընտրություններից առաջ յուրաքանչյուրը փորձում է պահպանել կամ մեծացնել իր բաժնեմասը:
-Եթե ամեն ինչ այդքան պարզ է, ի՞նչ կապ ուներ Վարդան Օսկանյանը:
-Վարդան Օսկանյանը կա՛մ այդ խաղի առանցքային մասնակից է, կա՛մ Սերժ Սարգսյանը նրան համարում է երկրորդ նախագահի իջեցրած դեսանտ ԲՀԿ-ում և փորձում է նրան խաղից դուրս թողնելով` միջավայր ձևավորել իր ու Գագիկ Ծառուկյանի նոր համաձայնության համար: Կամ էլ` գործ ունենք դաշտի հստակեցման սցենարի հետ, որով Վարդան Օսկանյանը քաղաքական հայտ է փորձում ձևավորել, և իշխանություններն էլ կամա-ակամա նպաստում են դրան:
-Այսինքն` խնդիրն իրավական չէ, այլ քաղաքական:
-Այս պահին Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հարաբերությունների ճշտում է կատարվում ԲՀԿ-ի տիրույթում, ինչի պատճառով ոմանք վերև են բարձրանալու, ոմանք անկում են ապրելու: Օրակարգում Օսկանյանի ճակատագիրը չէ, շատ ավելի լուրջ խնդիրներ են լուծվում: Նկատեցիք, որ երբ Սերժ Սարգսյանն առաջ մղեց Սամվել Բալասանյանին, Գագիկ Ծառուկյանը մեկնեց Գյումրի և սատարեց իր կուսակցին, երբ Սերժ Սարգսյանի հարձակման թիրախ դարձավ Վարդան Օսկանյանը, Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերին չմասնակցեց: Այս փաստը որոշակի ենթադրությունների տեղիք կարող է տալ: Գործընթացի իմաստը ԲՀԿ-ն ավելի վերահսկելի դարձնելն է: Մյուս կողմից` Գագիկ Ծառուկյանին ակնհայտորեն դուր չի գալիս կրտսեր եղբոր կարգավիճակը, նա փորձում է մեծացնել իր ազդեցությունը: Այս ամենից բացակայում է իրական քաղաքականությունը, և մյուս քաղաքական ուժերն ամբողջովին դուրս են մղված գործընթացից:
-Վարդան Օսկանյանի «հերոսացումը» ընդդիմության պատրանք չի՞ ստեղծում ԲՀԿ-ի համար` այլընտրանքի նրա կարգավիճակը փոխելով և ընդդիմությանը որպես քաղաքական կատեգորիա լուսանցք մղելով:
-Այսօր գործընթացը պտտվում է ՀՀԿ-ԲՀԿ առանցքի շուրջը, և ենթադրել, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն կամ «Ժառանգությունը» կարող են լուրջ դերակատարություն ունենալ, բեկում մտցնել նախագահական ընտրարշավի մեջ, տեսական վարկած է միայն: Հստակ է, որ Սերժ Սարգսյանն ընդդիմության խնդիրը լուծել է և հիմա փորձում է իրեն հարմար այլընտրանքների հետ մասնակցել նախագահական ընտրություններին:
-Օսկանյանը հարմա՞ր այլընտրանք է:
-Գոնե խորհրդարանական վերջին նիստերը վկայեցին, որ ոչ ստանդարտ իրավիճակներում նա խուճապային քաղաքական գործիչ է և չունի կամային անհրաժեշտ հատկանիշներ: Նման մրցակից ունենալը որևէ նախագահի համար լավագույն նվերն է: Կա կոնկրետ անհրաժեշտություն` Սերժ Սարգսյանը որոշել է փակել Ռոբերտ Քոչարյանի հետդարձի բոլոր ճանապարհները:
-Հայտնի քվեարկությունը վկայեց, որ ՀՀԿ խմբակցությունը միատեր ու միակա՞մ է:
-Քվեարկությունը պատասխանն էր Ռոբերտ Քոչարյանի, որ ասում էր, թե ինքն ուղղակի կամ անուղղակի ազդեցություն է ունեցել ՀՀԿ համամասնական ընտրացուցակի կազմման վրա:
-Բայց դա այս ընտրություններին չէր վերաբերում:
-Այս ցուցակը կիսով չափ և ավելի կրկնում է նախորդին, բայց քվեարկությունը ցույց տվեց, որ ՀՀԿ-ի մասով Ռոբերտ Քոչարյանն ամբողջովին կորցրել է իր ազդեցությունը, և Սերժ Սարգսյանը լիովին տիրապետում է իրավիճակին: Թեպետ միշտ բացասաբար եմ վերաբերվել Վարդան Օսկանյանի գործունեությանը, բայց այդքան հեշտ ու «միասնականորեն» գործընկերոջը հանձնելը պատիվ չի բերում որևէ մեծամասնության:
-Ձեզ չի՞ թվում, որ Վարդան Օսկանյանին առաջինը հանձնեց ԲՀԿ-ն:
-Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն նրան ակտիվ չպաշտպանեց, ընդամենը 3-4 ելույթ, որոնցով այդպես էլ չձևակերպվեց քաղաքական ասելիքը, ընդամենը շեշտադրվեցին նախկին վաստակն ու մարդկային որակները: Նրանք հայտարարեցին, որ անորոշ ժամանակով բոյկոտում են ԱԺ աշխատանքները: Բոյկոտը խորհրդարանական պրակտիկայում ծայրահեղ քայլ է և պիտի կոնկրետ օրակարգ ունենա, այլապես իմաստը չի հասկացվում: Էլինար Վարդանյանը դատախազի պաշտոնանկության պահանջ հնչեցրեց, և չհասկացվեց` իր անձնակա՞ն տեսակետն էր, թե՞ խմբակցության:
-Նախորդ օրն էլ ակնարկվեց, որ ԲՀԿ-ն կարող է խորհրդարան չվերադառնալ:
-Դա լուրջ չէ: Պարզապես կոալիցիայի մաս չկազմելու պահից ԲՀԿ-ն չկարողացավ գտնել իր քաղաքական նիշը:
-Ինչո՞ւ, ասված է` այլընտրանք:
-Որպես քաղաքագետ` ես քաղաքական ուժի նման կարգավիճակ չգիտեմ. կուսակցությունը լինում է կա՛մ իշխանություն, կա՛մ ընդդիմություն:
-Քաղաքագիտության մեջ նոր խոսքը բացառո՞ւմ եք:
-Համոզված չեմ, որ մենք ի զորու ենք քաղաքագիտության նոր էջ գրելու: Մենք նույնիսկ դասական քաղաքագիտության կանոններով չենք առաջնորդվում, ուր մնաց նոր խոսք ասելուն հասնենք:
-Այդ կանոնները գիտե՞նք:
-Եթե իմանայինք, այսքան սխալներ չէինք անի: Ե՛վ գլխավոր դատախազի միջնորդությունը պաշտպանողները, և՛ ընդդիմացողները որևէ առարկայական, քաղաքական փաստարկ չբերեցին, հատուկենտ ելույթներում կար քաղաքական ասելիք, ելույթների գերակշիռ մասը զգացական էր, և թվում էր, որ 100-131 լուրջ մարդ հավաքվել է հին ու նոր հաշիվներ մաքրելու:
-Վարդան Օսկանյանն ասաց, որ սա փոթորիկ է մի մատնոց ջրում, այս մատնոցի պատմության ավարտը ո՞րն է լինելու:
-Կրկնում եմ` ես պատգամավորների փոխարեն այսքան հեշտ չէի հանձնի որևէ գործընկերոջ:
-Մի մոռացեք, որ Հայաստանի խորհրդարանը Վանո Սիրադեղյանից սկսած (ճիշտ է, երկրորդ անգամից նրա դեպքում) հանձնում ու հանձնում է իր գործընկերներին:
-Վանո Սիրադեղյանի ժամանակ կար քաղաքական լուրջ թիմ, որը կարողացավ փաստարկված պաշտպանել նրան, իսկ մարտի 1-ին խորհրդարանն ուղղակի հաճույքով հանձնեց պատգամավորներին: Ես չէի ցանկանա Հայաստանի նախկին արտգործնախարարին տեսնել այդ դերում, բայց նա դարձավ այն համակարգի զոհը, որի փառաբանմամբ զբաղված էր մի քանի տարի առաջ:
-Եթե դեմ ես գնում համակարգին, համակարգը քեզ ճզմո՞ւմ է:
-Այո: Կարիք կար, որ իր վերջին շրջանի օբյեկտիվ գնահատականները Վարդան Օսկանյանն ավելի համապարփակ դարձներ` խոսեր ոչ միայն այսօրվա իրականության մասին, այլև համակարգի արմատների` ընդունելով պատասխանատվության իր բաժինը: Նրա պաշտոնավարման տարիներին համակարգը շատ ավելի տոտալիտար էր, քան այսօր, և այդ պատճառով շատերը նրա անկեղծությանը չեն հավատում ու չեն գնահատում: Ի վերջո, այդպես էլ չհասկացվեց` ինչո՞ւ է պարոն Հանթսմանն այդքան մեծ գումարներ հանձնել Վարդան Օսկանյանի տնօրինմանը: Դա բնավ չի նշանակում, որ պիտի սահմանափակել հասարակական կազմակերպությունների գործունեությունը, բայց որոշակի հարցեր մնում են: Ակնհայտ է, որ ինչքան հիմնավորված չէր դատախազի միջնորդությունը, նույնքան էլ հիմնավորված չէին Օսկանյանի հակափաստարկները: Որևէ հոդաբաշխ պատասխան չտրվեց` ինչո՞ւ է «Սիվիլիթասին» նվիրված գումարը հայտնվել Օսկանյանի հաշվեհամարներում: Իսկ պատմության ավարտը տրվելու է ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ իրավական համակարգում, խնդիրն ունի քաղաքական սկիզբ և քաղաքական էլ ավարտ պիտի ստանա:
-Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, արդյունքներից դատելով` ժողովրդավարությա՞ն հաղթանակ էին, թե՞ ռուսական ազդեցության վերականգնում:
-Վրաստանում (բացի մեկ կուսակցությունից) չկա ռուսների ֆինանսավորած լուրջ քաղաքական ուժ: Խորհրդարանական ընտրություններում հաղթած Բիձինա Իվանիշվիլին արդեն հայտարարել է, որ արտաքին քաղաքականությունը քննարկման ենթակա չէ և առաջնահերթություն մնում է ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը ինտեգրվելը: Ժողովրդի քվեով իշխանության եկած որևէ կառավարության հետ Ռուսաստանը պրոբլեմներ է ունենալու միշտ, եթե նույնիսկ հույս ուներ ի դեմս նրա դաշնակից տեսնելու:
-Մոտավորապես ՈՒկրաինայի տարբերա՞կը:
-Հիշում եք` ինչքան ոգևորված էին Վիկտոր Յանուկովիչի` իշխանության գալով, բայց Յանուկովիչի համար էլ ավելի առաջնահերթ խնդիր է Եվրամիությանն ինտեգրվելը, քան Ռուսաստանին զիջումներ անելը: Սաակաշվիլին մեկ տարի դեռ շարունակելու է պաշտոնավարել` թեկուզ սահմանափակ լիազորություններով: Իվանիշվիլու բլոկը շատ բազմատարր է, և երաշխավորված չէ, որ կայուն կմնա ու վերադասավորումներ չեն լինի: Այն, ինչ իրենց երկրների համար արեցին Վիկտոր Յուշչենկոն և Միխեիլ Սաակաշվիլին, արժանի է միայն դրվատանքի: Նրանք ապացուցեցին, որ տարիներ առաջ հեղափոխություններ էին արել ոչ թե իշխանությանը տիրանալու նպատակով, այլ ժողովրդավարական ինստիտուտները կայացնելու: Չեք գտնի հետխորհրդային որևէ երկիր, որտեղ գործող նախագահները հաշտվել են իրենց քաղաքական կուսակցության պարտության հետ. սա Յուշչենկոյի և Սաակաշվիլու մեծագույն արժանիքն է և քաղաքական նոր մշակույթի հաստատում հետխորհրդային տարածքում: Նրանք շատ ավելի բարձր գնահատեցին երկրի կայուն զարգացման հեռանկարը իրենց քաղաքական ուժի մեծամասնություն լինելուց: Ես խորապես վստահ եմ, որ ռուսական ակնկալիքները չեն իրականանալու. վրաց հասարակությունը քաղաքական հակաթույն է մշակել ռուսական նեոկայսերականության նկատմամբ, և այսօր Վրաստանում չկա որևէ քաղաքական գործիչ, որ համաձայն լինի Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերում ռուսական մոտեցումներին: Հետևաբար, զուտ տեսական է դառնում այն տարբերակը, որ առաջիկայում բեկում կլինի ռուս-վրացական հարաբերություններում:
-Հայաստանում ընտրություններով ընդդիմության իշխանության գալը հավանական համարո՞ւմ եք:
-Հետխորհրդային տարածքում առաջին նախադեպերից մեկը Հայաստանն է տվել 1990 թվականին, բայց առաջիկա 5-10 տարում այդ հեռանկարը մեզ չի սպառնում: 2007 թ. սեպտեմբերի 21-ին Լևոն Տեր-Պետրոսյանի` քաղաքականություն վերադարձի հետ ես շատ մեծ հույսեր էի կապում, որովհետև ինձ թվում էր, որ անապատացած քաղաքական դաշտում օազիս է բացվում, որը կարող է որակապես փոխել քաղաքական դաշտը և ընդդիմությանը ընտրությունների միջոցով հաղթանակի բերել: Ցավոք, Տեր-Պետրոսյանը քաղաքական համակարգը չբարձրացրեց իր նշաձողին, այլ իր նշաձողն իջեցրեց քաղաքական համակարգի մակարդակին, և մենք երկու կարևոր կորուստ ունեցանք` առաջին նախագահի ինստիտուտի խորհրդավորությունը, որը շատ կարևոր էր պետության արժեհամակարգի ձևավորման տեսանկյունից, և կրակեցինք վերջին փամփուշտը, որ կարող էր քաղաքական համակարգի առողջացման ազդանշան լինել: Հիմա պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ:
-Քաղաքական նոր էլիտան Լուսնի՞ց է իջնելու, թե՞ այլ մոլորակից:
-Հասարակության ներսում, որի համար պատասխանատու են և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը: Նոր էլիտան, առաջին հերթին, Սերժ Սարգսյանին է պետք, եթե նրան թվում է, թե կառավարման այս որակով ու համակարգով կարող է Հայաստանը եվրավերանորոգման ենթարկել, սխալվում է:
-Եթե չի թվում, ի՞նչ կարող է անել:
-Իրական բարեփոխումներով նպաստել բաց համակարգի ձևավորմանը, ձեռնպահ մնալ աղքատիկ քաղաքական բանկը մերոնց-ձերոնց բաժանելուց: Իհարկե, նա ակնհայտորեն Ռոբերտ Քոչարյան չէ, բայց ժամանակն արդեն նրա թշնամին է դառնում, որովհետև բարեփոխումների որակն ու տեմպն այնքան անբավարար են, որ Հայաստանը նույնիսկ տարածաշրջանային համատեքստից է հետ մնում, ո՜ւր մնացին համաշխարհային զարգացումները: Պարզ օրինակ. երբ Վրաստանում խորհրդարանական ընտրություններով իշխանափոխություն էր կատարվում, մեր խորհրդարանում ներկլանային գզվռտոց էր, իսկ մեր հովանավոր երկիրը` Ռուսաստանը, նույն օրն արժանանում էր ԵԽԽՎ խիստ գնահատականին: Համադրեք այս փաստերը և գնահատեք:
-Կարծում եք, որ Հայաստանի բնակչությունը 100 տոկոսով Ռուսաստանին ընդունում է հովանավոր երկի՞ր:
-Ոչ, բայց մեր հասարակությունը շատ ավելի առաջ է հայտնվել, քան քաղաքական էլիտան: Հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի իրադարձություններից հետո հասարակական կարծիքում էական փոփոխություն է եղել, հակառուսական տրամադրություններ են առաջացել, որոնք ուղղված են ոչ թե ռուս ժողովրդի, այլ քաղաքական էլիտայի դեմ, որ կանխորոշում է Հայաստանի քաղաքական էլիտայի գործողությունները: Որքան էլ տարօրինակ է, Հայաստանի քաղաքական էլիտան իր իշխանության ու ընդդիմության թևերով շարունակում է մնալ ռուսական քաղաքական էլիտայի մեծ ազդեցության տակ, համենայն դեպս, քաղաքական պապաների փնտրտուքը սկսվում և ավարտվում է Մոսկվայում: Սերժ Սարգսյանը երբեմն փորձում է հավասարակշռել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, և այդ դեպքում Ռուսաստանն արագ օգտագործում է Հայաստանի ընդդիմության ռեսուրսը նրան զսպելու համար, որքան էլ դա պարադոքսալ է հնչում:
-Դուք ուզում եք վերադառնա՞լ քաղաքականություն:
-Երբ երկու տարի առաջ հեռացա քաղաքականությունից, պատճառը ՀԱԿ-ի ղեկավարության հետ անհաղթահարելի հակասություններն էին, և ես չցանկացա իմ ներկայությամբ ավելի սրել ՀԱԿ-ի և «Հանրապետություն» կուսակցության հարաբերությունները: Թեպետ իմ կանխատեսման մեջ սխալվեցի, այդ հակասություններն այնքան խորքային էին, որ, ի վերջո, հանգեցրին ՀԱԿ-ից «Հանրապետության» դուրս գալուն: Նոր իրավիճակում ես քաղաքականություն վերադառնալու նոր հայտ եմ ձևակերպել` ունենալով երկու տարբերակ` վերադառնալ «Հանրապետություն» կամ ստեղծել քաղաքական նոր միավոր: Մարդկային իմաստով հարազատ էր վերադառնալը, բայց ավելի հեռանկարային էր նորի ստեղծումը` «Նոր աջեր. քաղաքացիների միություն» կուսակցություն` համախմբելու այն մարդկանց, ովքեր ունեն արժեքային համակարգ, բայց իրենց տեղը չեն գտել, ովքեր հոգնել են իշխանության անարդյունավետ քաղաքականությունից և հոգնել են ընդդիմության դաշտում պարբերաբար ստեղծվող ու քանդվող դաշինքների անարդյունավետ գործունեությունից: Ես ուզում եմ, որ նոր կուսակցությունը չտրվի քաղաքական կոնյունկտուրայի ներգործությանը:
-Հայաստանում դա հնարավո՞ր է:
-Ես ընտրել եմ պայքարի այս ձևը: Կյանքը ցույց տվեց, որ լղոզված դաշինքներն ընդհանրապես որևէ փոփոխության չեն հանգեցնում և արագ արժեզրկվում են հասարակության համար:
-Ի՞նչ հավակնություններ ունի Ձեր նոր հայտը:
-Մենք սկսում ենք գործել խորհրդարանական ընտրություններից հետո միտումնավոր, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ նպատակն ընտրություններն են: Ընտրությանը մասնակցությունը քաղաքական ծրագիրը տեղ հասցնելու գործիք է, առավել կարևոր խնդիր եմ համարում ազատական բոլոր ուժերի միավորումը: Եթե կարողանանք մինչև խորհրդարանական ընտրությունները գաղափարական-քաղաքական հենքի վրա հասնել ազատական ուժերի միավորմանը և միասնական պլատֆորմի ձևավորմանը, կլինի մեծ հաջողություն և գուցե որակական փոփոխության ազդանշան:
-Կարծո՞ւմ եք, որ հասարակական ընկալում կունենաք:
-Ես գերադասում եմ գործ անել, հետո արդյունքների մասին մտածել: 8-10 տարի առաջ որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Շևարդնաձեի ղեկավարած Վրաստանում հնարավոր են հասարակական տրամադրությունների բյուրեղացումներ արժեքային կողմնորոշման հիմքով, բայց այսօր Վրաստանում արդյունք կա:
-Կա, որովհետև դեր ունեցավ արտաքին գործոնը:
-Արտաքին ուժերը մեր փոխարեն ոչինչ չեն անելու և չեն կարող անել, նրանք կարող են բարենպաստ միջավայր ստեղծել միայն: Հայաստանի իշխանության ու ընդդիմության միջև ամեն ընտրությունից առաջ մրցավազք է սկսվում Կրեմլի պատերի շուրջը: Մեր քաղաքական ուժերը ոչինչ չեն արել, որպեսզի Արևմուտքում դրական միջավայր ստեղծվի մեր երկրում հնարավոր փոփոխությունների առնչությամբ: Ես համոզված եմ, որ քաղաքական նոր մտածողության և նոր ուժի կարիքը կա, և մենք պատրաստ ենք աշխատանքի:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 6556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ